ԽՈՍՐՈՎ ԵՎ ԱՆԱԿ

Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում, ասում.
— Գուցե գտնվի մեկը, որ կարողանա Խոսրովից վրեժ լուծել։ Խոստանում էր անգամ իր վրեժը լուծողին շնորհել իր պետության երկրորդության գահը, ով էլ նա լինիր, թեկուզ անարգ և արհամարհված մեկը։
Այդ խորհրղին էր մասնակցում պարթևական տերության գլխավոր նահապետներից մեկը՝ անունը Անակ։ Լսելով թագավորի ցանկությունը, նա ոտքի է կանգնում և խոստանում իր ազգակիցներից վրեժ լուծել, իբրև թշնամիների։ — Եթե հավատարմորեն այդ վրեժը լուծես, — ասում է թագավորը, — ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, քեզ արքայական թագով կպսակեմ, կդարձնեմ իմ երկրորդը և իմ թագավորության մեջ կդառնաս երևելի ու փառավոր։
— Իմ ազգի մնացած անդամներին եթե դու պահես, — ասում է Անակը, — ապա այսօրվանից ես ու եղբայրս քեզ հրաժեշտ կտանք և կգնանք քո փափագը կատարելու։ Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։